Ինչպես կանխատեսվում էր, կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը` Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ընդդիմադիրների այն ոգևորությունը, որ ՍԴ-ի վճռից հետո եղավ, այն է` հակասահմանադրական ճանաչել Վանաձորի ավագանու նիստերը, ի դերև եղավ:
ՍԴ որոշումից անմիջապես հետո ՀՀԿ-ն և ՀՎԿ-ն հուշագիր ստորագրեցին, սրանով արդեն ՀՀԿ-ն պատասխանեց ընդդիմադիրների` արտահերթ ընտրություններ անցկացնելու սպասումներին: Իշխող մեծամասնությունը մտադիր չէ անգամ մի քաղաք ընդդիմությանը զիջելու, թեև բոլոր հիմքերը կար, որ Վանաձորում իշխանություն դառնար ընդդիմությունը:
Որպես «փորձարկում» կարելի էր գոնե մի քաղաք հանձնել ընդդիմությանը և տեսնել` ինչ արդյունք կլիներ այնտեղ, իշխանության քայլերը քննադատող ընդդիմության քաղաքապետն ինչպես կղեկավարեր քաղաքը, ինչպես կաներ, որ Վանաձորը դառնար իր գործընկեր-կուսակիցների երազած փոքր Հայաստանը: Ինչու՞ իշխանությունը չցանկացավ գոնե մեկ քաղաք տալ ու համոզվել, թե ինչ կարող են անել կամ չանել ընդդիմադիրները:
Ի վերջո, սա նաև լավ առիթ էր, որ իշխանությունը փորձարկեր ընդդիմության հնարավորությունները, ասածի և արածի համապատասխանությունը, երկրի հանդեպ պատասխանատվության չափը, բայց... ավաղ: ՀՀԿ-ն գնաց այն ճանապարհով, որով միշտ գնում է, հարուցելով շատերի դժգոհությունն ու քննադատությունների տարափը: Մինչդեռ, դրանով ընդդիմությունը քննադատության ևս մեկ ակոս բացեց, իմա`իշխանությանը թիրախավորելու հերթական հնարավորությունը ստացավ:
Եթե նույնիսկ ժամանակին այդ մարտավարությունն ընտրեցին, հիմա առիթ էր ստեղծվել, որ կառավարությունը, հիմք ընդունելով նաև ՍԴ-ի որոշումը (որն ամեն անգամ այնպիսին է լինում, որ իշխանությունը միշտ գտնում է սողանցք` այն հօգուտ իրեն ծառայեցնելու: Մնում է զարմանալ, թե ինչու են իրավիճակն այնքան խճճում, որ գլուխ հանելու համար իրավաբան լինելն էլ է քիչ, պետք է առնվազն Գագիկ Հարությունյան լինել), արտահերթ ընտրություն անցկացնելու որոշում կայացներ: Սակայն` ոչ: Իշխանության գործելակերպը չի փոխվում, մնում է անսալ իշխանության մտածողության փոփոխությանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ